Հայաստան-Չինաստան տնտեսական համագործակցություն․ հնարավորություններ և ակնկալիքներ
7 ր. | 2025-01-08Ա վելի քան 32 տարի Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) միջև ձևավորվել և հաստատվել են բարեկամական, փոխշահավետ ու համագործակցային հարաբերություններ, որի արդյունքում երկու երկրների միջև տարեցտարի դինամիկ զարգացել է փոխգործակցությունը և ամրապնդվել են առևտրատնտեսական կապերը։ Համաշխարհային տնտեսությունում օրեցօր աճում է Չինաստանի դերը, հետևաբար, այս առումով, մեծ կարևորություն է ստանում ՀՀ տնտեսական քաղաքականության օրակարգում Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների ընդլայնումը։
«ՀՀ 5 հիմնական տնտեսական գործընկերները» խորագրով վերլուծական հոդվածաշարերի համատեքստում, հարկ ենք համարում անդրադառնալ ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև տնտեսական համագործակցության վերջին փոփոխությունների ուսումնասիրությանն ու վերլուծությանը, մասնավորապես՝ առևտրաշրջանառության ոլորտում։ 2023թ. պաշտոնական տվյալների համաձայն՝ ՉԺՀ-ն ՀՀ-ի թվով երրորդ առևտրային գործընկերն է հանդիսացել: Առևտրաշրջանառության ծավալը կազմել է 2․13 մլրդ դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 21․3%-ով։
Առհասարակ, ՀՀ-ՉԺՀ հարաբերություններն ամրապնդվել են պաշտոնական ներկայացուցիչների կողմից բազմաթիվ այցերի, իրականացվող համատեղ ծրագրերի, կնքված հուշագրերի և արձանագրությունների, ինչպես նաև փոխշահավետ համագործակցությունների հիման վրա։ Համագործակցային հարաբերություններ ձևավորվել են մի շարք ոլորտներում, ինչպիսիք են՝ առևտրային, ավիացիոն, առողջապահական, կրթական, մշակութային, զբոսաշրջային և այլն։
Առևտուր․ ի՞նչ ենք արտահանում և ի՞նչ է ներմուծվում ՉԺՀ-ից
Հ այ-չինական հարաբերությունների զարգացման առումով իր ուրույն տեղն է զբաղեցնում երկկողմ առևտրատնտեսական կապերի հաստատումը։ Հետևաբար, հարկ ենք համարում անդրադառնալ այդ հարաբերություններն արտահայտող հիմնական ցուցանիշներին՝ առևտրաշրջանառություն, ներդրումներ, զբոսաշրջություն, դրամական հոսքեր և այլն։
2023թ․ տվյալներով՝ ՀՀ-ից Չինաստան արտահանման ծավալը կազմել է 425․4 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ աճը 15․1% է։ Միևնույն ժամանակ, Չինաստանի մասնաբաժինը ՀՀ արտահման մեջ ավելի քան 5% է կազմել, որի արդյունքում հանդիսացել է ՀՀ-ի թվով 3-րդ հիմնական առևտրային գործընկերը։
Հատկանշական է, որ 2015թ․ փոխադարձ առևտրաշրջանառության աճի տեմպը եղել է ամենացածրը վերջին 10 տարվա ընթացքում, որի վրա իր ազդեցությունն է ունեցել որոշ չափով ՌԴ-ում առկա ճգնաժամային իրավիճակը՝ հաշվի առնելով երկրների սերտ համագործակցության աստիճանը։ 2020թ․ անկումը պայմանավորված է հիմնականում Covid-19 համավարակի բացասական հետևանքներով, արժեշղթաների խաթարմամբ, ինչպես նաև միջազգային շուկաներում կառուցվածքային փոփոխություններով։ 2021թ․-ից ի վեր գործընկեր երկրների միջև փոխադարձ առևտրաշրջանառության աճի տեմպն արագացել է՝ 2022թ․ հասնելով վերջին 10 տարվա առավելագույն մակարդակին՝ 39․4%։ Ասվածը փաստում է վերջին տարիներին գործընկեր երկրների միջև առևտրատնտեսական կապերի ընդլայման և խորացման մասին։ Մասնավորապես, 2022թ․ տվյալներով՝ ՉԺՀ-ն հանդիսացել է ՀՀ-ի թվով երկրորդ առևտրային գործընկերը, ՀՀ առևտրաշրջանառության ամբողջ ծավալում զբաղեցնելով 12.4% տեսակարար կշիռ։
2014թ․ ի վեր ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման գծով առավելագույն ծավալները գրանցվել են հենց նախորդող տարվա ընթացքում։ Չինաստանի հետ ՀՀ-ի առևտրային հաշվեկշիռը բացասական է, 2023թ․ կազմել է շուրջ 1․3 մլրդ դոլար, այլ կերպ ասած՝ ներմուծումը 1․3 մլրդ դոլարով գերազանցել է արտահանմանը։
Ավելի թարմ տվյալներով՝ ընթացիկ տարվա առաջին 9 ամիսներին ՀՀ-ՉԺՀ փոխադարձ առևտրաշրջանառությունը կազմել է 2․08 մլրդ դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 34․7%-ով։ Տեսակարար կշիռն ամբողջ ՀՀ առևտրաշրջանառության ծավալում 8․7%-ի է հասել, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ որոշակի հետընթաց է ապրել։
Չինաստանից Հայաստան ներմուծման կառուցվածքն ըստ ապրանքախմբերի դիտարկելիս, նկատում ենք, որ վերջինս կենտրոնացած չէ սահմանափակ թվով ապրանքների շուրջ և ընդգրկում է բազմապիսի ապրանքներ։ 2024թ․ առաջին կիսամյակի տվյալներով (ՊԵԿ-ի կողմից հրապարակված ամենաթարմ վիճակագրական տվյալներով)՝ Չինաստանից Հայաստան առավել շատ ներմուծվել են մարդատար ավտոմեքենաներ (54․8 մլն դոլար), որին հաջորդել են հեռախոսային սարքավորումները (40․4 մլն դոլար), հաշվողական մեքենաները (34․9 մլն դոլար), դիոդներ, տրանզիստորներ և համանման կիսահաղորդչային սարքերը (26․1 մլն դոլար), շարժիչային տրանսպորտային միջոցները (16․7 մլն դոլար)։ Ընդհանուր առմամբ, առավել շատ ներմուծվել են ավտոմեքենաներ և սարքավորումներ, սակայն ներմուծման կառուցվածքը բազամազան է, ընդգրկում է նաև հագուստը, պայուսակներն ու ճամպրուկները, կոշիկները, համակարգիչներն ու համակարգչային տեխնիկան, շինարարական նյութերը և այլն։
Վերջին տարիներին Հայաստան-Չինաստան առևտրաշրջանառության ծավալների աճը պայմանավորված է եղել հիմնականում ներմուծման ավելացմամբ, սակայն կարևորում ենք նաև անդրադառնալ Հայաստանից Չինաստան արտահանվող ապրանքախմբերի ուսումնասիրությանը։ Հայաստանը Չինաստանին վաճառում է հիմնականում հանքահումք։ 2024թ․ առաջին կիսամյակի տվյալներով՝ արտահանման կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը` 62.6%-ը, բաժին է ընկել ոսկուն, մաքսային արժեքը կազմել է 445․9 մլն դոլար։ Երկրորդ ամենամեծ ապրանքախումբը պղինձն է (194.8 մլն դոլար), որին հաջորդում է արծաթը (48.4 մլն դոլար), այնուհետև մոլիբդենի հանքաքարերը (10․6 մլն դոլար): Արտահանման կառուցվածքում համեմատաբար մեծ մասնաբաժին են զբաղեցնում նաև բժշկական սարքերի և սարքվածքների ապրանքախումբը (6.7 մլն դոլար)։ Հայաստանից Չինաստան համեմատաբար մեծ ծավալով արտահանվում են նաև գինիներ (5․6 մլն դոլար): Վերջին 10 տարվա ընթացքում ՀՀ-ից Չինաստան, ընդհանուր առմամբ, արտահանվել է 5 հիմնական ապրանքախումբ, այդ թվում՝ միայն պղնձի տեսակարար կշիռը ՀՀ-ից արտահանվող ընդհանուր ծավալներում կազմել է մոտ 73%:
Ներկայում Չինաստանը համաշխարհային տնտեսությունում համարվում է խոշոր գերտերություն, իր ուրույն տեղն ու դիրքն ունի միջազգային առևտրաշրջանառոության ծավալներում, ինչպես նաև աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական բազում գործընթացներում։ Այս տեսանկյունից, Հայաստանի համար կենսական նշանակություն ունի Չինաստանի հետ ներկայիս, ինչպես նաև հետագա հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը։
ՉԺՀ-ն՝ ՀՀ զբոսաշրջային հոսքերի տասնյակում
Հ ամագործակցային հարաբերությունների ուսումնասիրության շրջանակում կարևոր է անդրադառնալ նաև ՉԺՀ-ից ՀՀ, ինչպես նաև հակառակ ուղղությամբ զբոսաշրջային հոսքերի վերլուծությանը։
Վերջին 10 տարիների կտրվածքով՝ բացառությամբ կորոնավիրուսային ժամանակաշրջանի, զգալիորեն ավելացել են Չինաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքերը։ Նախորդ տարվա տարեկան տվյալներով՝ զբոսաշրջիկների թվաքանակը գերազանցել է նախաքովիդյան ժամանակահատվածի ցուցանիշը և տարեցտարի ցուցաբերում է աճի միտում՝ չնայած, որ այն ՀՀ ընդհանուր զբոսաշրջիկների թվաքանակում զբաղեցնում է չնչին՝ 0․1%, տեսակարար կշիռ։
Զբոսաշրջության կոմիտեի տվյալներից պարզ է դարձել, որ 2023թ․ նախորդ տարվա համեմատ Չինաստանից ՀՀ զբոսաշրջիկների թվաքանակն աճել է՝ կազմելով 19 հազար 600։ Ուղևորահոսքերի աճի վրա որոշակի ազդող գործոն է եղել «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագրի կնքումը, ինչպես նաև Covid-19-ի հետևանքով ի հայտ եկած սահմանափակումների վերացումն ու ավիացիոն ոլորտի զարգացման արդյունքում նոր չվերթների բացումը։
Միաժամանակ, նշենք, որ 2024թ․ հունվար-հոկտեմբերին Հայաստանից Չինաստան է այցելել 11 հազար հայ զբոսաշրջիկ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1․1%-ով, ինչը ևս փաստում է, որ գործընկեր երկրների միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են։ Նույն ժամանակահատվածում Հայաստան այցելած չինացի զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 29 հազար 100-ը՝ ամբողջ ծավալում զբաղեցրնելով 1․5% տեսակարար կշիռ։
ՉԺՀ-ից ՀՀ դրամական փոխանցումները դինամիկ աճում են
Հ Հ-ի՝ ՉԺՀ-ի հետ ունեցած տնտեսական հարաբերությունների համատեքստում, հարկ ենք համարում անդրադառնալ նաև դրամական փոխանցումների ընդհանուր պատկերին, որոնց ծավալն այնքան էլ մեծ չէ, ինչպես օրինակ ՌԴ-ի և Ամերկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) պարագայում է, բացի այդ ՉԺՀ-ն այն երկրների շարքին է պատկանում, որի հետ ՀՀ-ն ունի դրամական փոխանցումների բացասական հաշվեկշիռ, այսինքն՝ ՀՀ-ից ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները դեպի ՉԺՀ ավելի մեծ ծավալ են կազմում, քան ՉԺՀ-ից ՀՀ։
Այսպիսով, ինչպես երևում է գծապատկերից, վերջին 10 տարիների կտրվածքով արտահոսքի ամենամեծ ծավալը (ՀՀ-ից ՉԺՀ) գրանցվել է 2022թ․, որը նախորդ տարվա համեմատ աճել է 13․6%-ով։ Հարկ է նշել, որ, ընդհանուր առմամբ, նախաքովիդյան ժամանակահատվածից ի վեր ՉԺՀ-ից ՀՀ դրամական փոխանցումների ներհոսքն ունեցել է դինամիկ աճի միտում՝ ամենաբարձր մակարդակին հասնելով հենց նախորդող տարվա ընթացքում. 2022թ․ համեմատ ներհոսքն աճել է 38․5%-ով։
ՉԺՀ-ից ՀՀ դրամական փոխանցումների զուտ ներհոսքը, որը ցույց է տալիս ներհոսքի ու արտահոսքի տարբերությունը վերջին 10 տարիների կտրվածքով միշտ եղել է բացասական։ Միաժամանակ, 2023թ․ խզվածքը որոշակի մեղմվել է՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 4․9%-ով։ Նշվածը մեծամասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ առավել բարձր տեմպով սկսել է աճել ՉԺՀ-ից ՀՀ դրամական փոխանցումների ներհոսքի ծավալը՝ արտահոսքի համեմատ։
Ավելի թարմ տվյալներով՝ ընթացիկ տարվա 10 ամիսներին ՉԺՀ-ից ՀՀ դրամական փոխանցումների ներհոսքը կազմել է 4․5 մլն դոլար, որն արդեն իսկ նախորդ տարվա տարեկան ցուցանիշի 83․3%-ն է կազմել։ Ըստ մեր կանխատեսումների` 2024թ․ տարեկան տվյալները կգերազանցեն 2023թ․ փաստացի գրանցված ցուցանիշը։
Այսպիսով, ՀՀ և ՉԺՀ տնտեսական կապերի տարեցտարի բարելավման և զարգացման արդյունքում վերջինս Հայաստանի թվով 3-րդ առևտրային գործընկերն է։ Գործընկեր երկրների տնտեսական հարաբերությունները բնութագրող ցուցանիշների վերլուծությունից պարզ է դառնում, որ չնայած ավելի քան 30 տարի շարունակ ՀՀ-ՉԺՀ տնտեսական համագործակցությանը՝ առկա ներուժը լիովին չի օգտագործվում։ Առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման և ներուժի արդյունավետ օգտագործման դժվարությունը պայմանավորված է հիմնականում ուղիղ տրանսպորտային կապերի բացակայությամբ, ինչպես նաև ՀՀ-ում լոգիստիկ խնդիրների առկայությամբ: Այս համատեքստում, նաև Հայաստանի տնտեսական քաղաքականության դիվերսիֆիկացիայի տեսանկյունից մեծ կարևորություն է ստանում Չինաստանի հետ երկարաժամկետ հարաբերությունների խորացմանն ուղղված քայլերի հաջորդականության սահմանումն ու իրագործումը, քանի որ ներկայում ՉԺՀ-ն համաշխարհային տնտեսությունում համարվում է առաջատար գերտերություն և կարող է իր անմիջական նպաստումն ունենալ ՀՀ տնտեսության անխոչընդոտ և երկարաժամկետ զարգացման հարցում։